Երևանի Գլաձոր համալսարանի ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան են անցկացրել Փորձագիտական կենտրոնի ստորաբաժանումներում

05.04.2024

Երևանի Գլաձոր համալսարանի ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան են անցկացրել Փորձագիտական կենտրոնի ստորաբաժանումներում
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոնում» ութ շաբաթ տևողությամբ նախաավարտական արտադրական փորձառություն են անցկացրել Երևանի «Գլաձոր» համալսարանի «Դատական փորձաքննություն» մասնագիտության բակալավրիատի 4-րդ կուրսի 5 ուսանողները։
Ուսումնառողները փորձառության ընթացքում ծանոթացել են Կենտրոնի պատմությանը, կառուցվածքին, գործունեությանը, փորձաքննություն իրականացնող բաժիններին։ Պրակտիկայի ընթացքում Կենտրոնի՝ Հետքաբանական, Ձգաբանական և փաստաթղթաբանական բաժինների ղեկավարների անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ, ուսանողները մասնակցել են փորձաքննությունների տարբեր տեսակների՝ դեպքի վայրի զննության, դատական լուսանկարչության, ձեռագրաբանական, փաստաթղթաբանական, հետքաբանական, ինչպես նաև՝ ձգաբանական փորձաքննություններին, ծանոթանալով Կենտրոնի ձեռք բերած սարքերին,սարքավորումներին և դրանց հնարավորություններին։
Ութ շաբաթ տևողությամբ փորձառությունը ուսանողներին հնարավորություն է տվել համալսարանական 4 տարիների ընթացքում յուրացրած տեսական գիտելիքը կիրառել պրակտիկայում, հետևել մասնագետների աշխատանքին, փորձաքննությունների վերջնական արդյունքներին:
Ուսումնական պրակտիկայի վերջին օրը, Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանն ընդունել է Երևանի Գլաձոր համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավար Էլիզա Հովհաննիսյանին, ԵԳՀ «Կրիմինալիստիկական փորձքննությունների կենտրոնի» փորձագետ Համլետ Ղարիբյանին և ավարտական պրակտիկա անցած ուսանողներին։ Կենտրոնի տնօրենը ողջունելով երիտասարդների մասնագիտական ընտրությունը, հույս է հայտնել, որ վերջիններս ապագայում կհամալրեն բարձրակարգ փորձագետների շարքերը:
Պետք է նշել, որ արտադրական փորձառությունն անցկացվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի և Երևանի «Գլաձոր» համալսարանի միջև դեռևս տարիներ առաջ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում:

Թողնել մեկնաբանություն