Փորձագիտական կենտրոնի նոր հնարավորությունները ձեռագրաբանական ոլորտում. Ավագ փորձագետ Նինա Մեսրոպյանը գտնվել է Ռուսատանի Դաշնության Արդարադատության նախարարության «Դատական փորձաքննության դաշնային» կենտրոնում
Հոկտեմբերի 23–ից 27–ը «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Ձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի ավագ փորձագետ Նինա Մեսրոպյանը գիտագործնական այցի շրջանակներում՝ վերապատրաստման նպատակով, գտնվել է Ռուսատանի Դաշնության Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող «Դատական փորձաքննության դաշնային» կենտրոնի՝ Դատաձեռագրաբանական փորձաքննությունների բաժնում, որը իրականացնում է նաև գիտական գործունեություն։
Այցի ընթացքում կատարվել է ստաժավորում՝ «Ձեռագրի և ստորագրության ժամանակակից հարցերի» թեմայով, մասնակցել է հատկապես կարևոր գործերով փորձաքննությունների քննարկմանը, հետազոտել է ծրագրային կոմպլեքսների և քանակական մեթոդների կիրառումը դատական ձեռագրաբանության մեջ, քննարկել է հետազոտելի օբյեկտների պատճեններով հետազոտությունների կատարման խնդրահարույց հարցերը և դրանց պրակտիկ կիրառումը, ինչպես նաև ձեռագրի անսովոր կատարման ախտորոշման հետ կապված կարևոր հարցեր։
Նինա Մեսրոպյանը այցի ընթացքում ձեռք է բերել հեղինակաբանական փորձաքնությունների կատարմանը վերաբերող մեթոդական ձեռնարկներ, ուսումնասիրել է դրանց կատարման առանձնահատկությունները։ Փորձագետը՝ շնորհիվ իր ունեցած մասնագիտական բարձր կարողությունների, հանդես գալով որպես պատասխանատու, բարեխիղճ և մտասլաց մասնագետ, «Դատական փորձաքննության դաշնային» կենտրոնի կողմից արժանացել է Որակավորման բարձրացման վկայագրի։