Հանքանյութից մինչև թմրանյութ․ նոր սարքավորումներն արագացրել են փորձաքննությունները

06.06.2023

2022 թվականից արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնում թարմացվում է սարքավորումների պարկը։ Վերազինվում են դատական փորձաքննություններ իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության 13 բաժինները։ Նոր սարքավորումներով այստեղ հնարավոր է  հողի որակական ուսումնասիրություն կատարել, թմրամիջոցի բաղադրություն որոշել, ձեռագրեր վերծանել։  Մասնագետներն ասում են՝ նոր սարքավորումները կրճատել են փորձաքննությունների ժամանակ՝ նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը։

Ադամանդի բնականն ու արհեստականը զատող, թմրամիջոցի բաղադրությունը որոշող սարքեր․ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ում նյութերը սկսել են համեմատաբար կարճ ժամանակում ուսումնասիրել։ Դա հնարավոր է դարձել հին սարքերը նորերով փոխարինելու հաշվին։ Վերազինումը սկսվել է 2022 թվականից։

Արդարադատության նախարարությանը կից կառույցը տարբեր փորձաքննություններ է կատարում՝ձեռագրի վերծանումից մինչև հրազենային հետքի ուսումնասիրում,  սննդամթերքի բաղադրության որոշումից մինչև հաշվապահական խարդախության բացահայտում։

Կառույցը պետական հատվածի պատվերով փորձաքննություններ է իրականացնում դատական գործերի շրջանակում, արտահաստիքային մասնագետների ուժերով էլ սպասարկում են մասնավոր պատվիրատուին։

Բաժիններից մեկի նոր ձեռքբերումներից  են PH-ոմետրն ու մոֆիլային վառարանը։ Այստեղ  նաև հողի փորձաքննություն են իրականացնում։

 «Հողի փորձաքննությունը մեր բաժնում բաղկացած է 2 մասից՝ դատական հողագիտություն, վերջերս նոր սարքավորումների ներդրմամբ իրականացվում է նաև հողի մորֆոլոգիական հատկանիշների, հողի մեխանիկական կազմի, հիդրոսկոպիկ ջրի որոշման, օրգանական  նյութի հետազոտություն, հիմնական հետազոտության օբյեկտները սրանք են»։

Կենսաբան Արտյոմ Փահլևանյանի պարզաբանմամբ՝ բացի դատական գործերի համար նշանակված փորձաքննությունից, կենտրոնը գյուղոլորտի պատվերով կատարում է հողի որակական կազմի զննում։ Փորձաքննության վերջին պատվերները եղել են Արարատի մարզից։ Պատվիրատուները ցանկացել են պարզել գրունտի աղակալման աստիճանը։

 «Հետազոտության ընթացքում առաջինը, որ ակնադիտական հետազոտության մեթոդն է, այսինքն՝ պարզ աչքով նայում ենք, թե ինչ են ներկայացրել։ Հետո կատարվում է հողի կշռում։ Հաջորդ փուլը վերցնում եմ միջինացված նմուշ, հետազոտվում է մանրադիտակի տակ։ Հետո տարվում է վառարան, չորացվում է 110 աստիճանում 1 ժամ պայմաններում, հետո մաղում ենք։ Փորձաքննությունը կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի օր՝ կախված հանգամանքից, թե կոնկրետ ֆերմերին ինչ է անհրաժեշտ»։

«Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժնի» մյուս լաբորատորիայում անընդհատ աղմուկ է։ Սենյակում սարքավորումներն աշխատում են 24–ժամյա անդադար ռեժիմով։

Թմրամիջոցների բաղադրության ուսումնասիրումը կատարվում է հենց այդ սրահում։

Բաժնի ավագ փորձագետ Հրայր Ալեքսանյանի խոսքով՝ բաժնի նոր սարքավորումներից են թմրամիջոցների, թունավոր նյութերի և այլ օրգանական միացությունների արագ հետազոտությունների գազային խրոմատոգրաֆները՝ 2022-2023 թվականների արտադրության։

«Նախկինում հին մոդելով աշխատել ենք՝ ռուսական արտադրության Կրիստալ սարքավորումով, որն աշխատեցնելու համար բավականին ժամանակ էր պահանջում։ 1 փորձաքննության կատարման համար ինձ պետք էր 2-3 ժամ։ Իսկ այժմ, նոր սարքավորումով, դա հնարավոր է 30 րոպեի ընթացքում։ 2 սարքավորումներն էլ Միացյալ Նահանգների արտադրության են։ Ինչպես նաև մի սարքավորում ունենք, որը ճապոնական արտադրության է՝ Shimadzu, որի շնորհիվ մենք կարողանում ենք, թմրամիջոցները չհաշված, ավելի քան 3000 նյութի անվանում իմանալ և որակական անալիզ կատարել 1-2 րոպեի ընթացքում։

–Ինչպես է վերծանո՞ւմ սարքը/հեղինակ/։

–Սարքերն ունեն հատուկ ազդանշանային գրանցման բլոկներ, օրինակ, տեսեք, դեդեկտացիա է լինում, մի անալիզի արդյունքներ են վերցրել՝ կոդեին, մորֆին, սա ափիոնի կազմն է։ Սարքն ընդամենը 34 րոպեում ինձ հստակ  արդյունք է տվել»։

 «Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնում» 1 հետազոտության համար պահանջվող ժամանակը նույնպես կրճատվել է։ Դրան նպաստող սարքավորումներից է պինդ, հեղուկ և փոշենման զանգվածների ռենտգեն սպեկտրոմետրը։ Բաժնի փորձագետ Սարգիս Մանուկյանը հպարտանում է՝ նոր օգնականը կարողանում է կատարել նատրիումից մինչև ուրան՝ Մենդելևեի պարբերական աղյուսակի բոլոր տարրերի վերլուծություն։

«Արդեն 1 տարի շահագործում ենք։ Սրա փոխարեն նախկինում օգտագործում էինք խորհրդային տարիներին արտադրված սարքեր, որոնք թվային չէին, այլ անալոգային էին։ Խնդիրը, որը նոր սարքի դեպքում կարողանում ենք լուծել 2-3 րոպեների ընթացքում, հին սարքի դեպքում լուծվում էր մի քանի ժամվա ընթացում։ Սրանք սրվակներն են՝ 18 սրվակ միաժամանակ կարող ենք տեղադրել, 1 անգամ միացնել ծրագիրը, ինքը ավտոմատ բոլոր նմուշները հերթականությամբ կուսումնասիրի»։

Փորձագիտական կենտրոնի մասնագետները նշում են՝ վերազինման շնորհիվ իրենց արդյունքը չի զիջում զարգացած երկրների լաբորատորիաների աշխատանքին։ Բացի ժամանակի կրճատումից՝ նոր սարքերի դեպքում մարդու միջամտությունը հասել է նվազագույնի։

Թողնել մեկնաբանություն