Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնը համալրվել է նոր սարքավորումներով
Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնը համալրվել է նոր սարքավորումներով, ինչի շնորհիվ առավել արդյունավետ ու հեշտ է դառնում հետաքննական մարմինների աշխատանքը՝ տարբեր հետազոտությունների պատասխաններն ավելի սեղմ ժամկետներում ստանալու համար։ Կենտրոնի սարքավորումներից կարող են օգտվել նաև մասնավոր կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։
Կենտրոնում բնական-արհեստական քարերի հետազոտություն է իրականացվում: Արհեստական և բնական ադամանդները տարբերակող սարքն ունի բարձր ճշգրտություն, արդյունքներն էլ 2-3 վայրկյանում պատրաստ են լինում:
Կենտրոնի 400 սարքավորումից մեկ ուրիշի միջոցով էլ հնարավոր է պարզել ալկոհոլային խմիչքների իրական ու կեղծ լինելը: Նոր սարքի միջոցով հնարավոր է ընդամենը 30 րոպեում տալ նախաքննությանը հուզող հարցերի պատասխանները:
Փորձագիտական կենտրոնի ձեռք բերած այլ նոր սարքավորումների շնորհիվ էլ թմրանյութերի հետքերի հետազոտություններն այսուհետ կիրականցվեն ավելի արագ և կարճ ժամկետներում, նոր սարքավորումները հնարավորություն կտան հասկանալ մազի, եղունգի մեջ առկա թմրանյութի քանակն ու տեսակը:
Կենտրոնի ՃՏՊ փորձաքննությունների բաժնի պետ Ժորժ Ծատուրյանը, որը տարիներ շարունակ ղեկավարել է կենտրոնը, «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց՝ կենտրոնն ի սկզբանե գործել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում, որտեղ ստեղծվել է կրիմինալիստիկայի լաբորատորիա, որին վերապահվել է դատական փորձաքննությունների կատարումը: Փորձագիտական կենտրոնը՝ որպես առանձին կառույց, ձևավորվել է 70-ական թվականներին:
Կենտրոնը սկզբում կատարել է սահմանափակ տեսակի փորձաքննական գործունեություն՝ ձեռագրաբանական, հետքաբանական, ավտոտեխնիկական և այլն: Մասնագետի խոսքով՝ տարեցտարի զարգացել և ընդլայնվել են փորձաքննության տեսակները: Այսօր փորձաքննությունների տեսակների թիվը, նրա համոզմամբ, անհամեմետելի է նախկինում արված փորձաքննությունների հետ:
«Վերջին երկու տարիների ընթացքում կենտրոնը սկսեց տեխնիկական վիրազինումը այն թափով, որով մենք ենք ուզել, և այսօր գրեթե բոլոր հետազոտությունների գծով ունենք ժամանակակից վերլուծական սարքավորումներ, ծրագրեր: Տեխնիկական վերազինումը թույլ տվեց ընդլայնել փորձաքննությունների տեսակները: Եթե նախկինում մենք տարեկան ունենում էինք չլուծված հարցերի 20 տոկոս ցուցանիշ, այսօր այդպիսի խնդիր չունենք»,- ասաց Ծատուրյանը:
Փորձագիտական կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը նշեց՝ 2022-23 թվականին ձևավորվել են մշակութաբանական, հոգեբանական, հոգեբուժական, իրավական ապահովման և անձնակազմի կառավարման բաժիններ: Լինգվիստիկական, թանկարժեք մետաղների և քարերի, մանրաթելերի, բնական բամբակն արհեստականից տարանջատելու, հողի որակական ցուցանիշների հետազոտություն իրականացնելու, մարդու օրգանիզմում գոյացող երիկամային և լեղապարկային քարերի և այլ փորձաքննության նոր ենթատեսակներ են ավելացել: Իսկ կենտրոնում առկա սարքավորումներից կարող են օգտվել և դատաքննչական մարմինները, և մասնավոր ենթակառուցվածքներն ու ֆիզիկական անձինք:
«Կենտրոնում ավելացել է նաև գործերի մուտքերի քանակը: 2022 թվականի համեմատ մուտքերի քանակն աճել է 68 տոկոսով, ելքերի քանակն այսօրվա դրությամբ ավելացել է 27 տոկոսով»,- ասաց Ղուլյանը:
Կենտրոնն ունի նաև թեժ գծի ծառայություն: Նպատակ ունեն բարձրացնել փորձագիտական ծառայությունների մակարդակը:
«Նոր կադրերով համալրվելու հետ կապված քայլեր ենք ձեռնարկում: Բուհերի հետ կնքում ենք հուշագրեր, ուսանողներին ուշադրությունն ենք հրավիրում, որպեսզի հետագայում կենտրոնն իրենց համար նպատակային աշխատատեղ համարեն: Այստեղ գալով՝ նրանք կհասկանան, թե որն է փորձագետի աշխատանքը, ինչում է կայանում դրա կարևորությունը, ու կենտրոնն ինչ հնարավորություններ ունի»,- ասաց նա:
Ապագայում կենտրոնը կհամալրվի փորձաքննության նոր ենթատեսակներով, կունենա նոր լաբորատորիաներ և նոր սարքավորումներ:
Սկզբնաղբյուրն` այստեղ․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ դիմել Ձեր օգնությանը։ Վայլդբեռիսից գնել եմ 60,000 դրամանոց Աէրոգրիլ, որը առաջին օգտագործումից փչացավ։ Ինձանից պահանջում են անկախ փորձագետի պատասխան։
Հարգելի’ քաղաքացի, խնդրում ենք Ձեր հարցն ուղարկել Կենտրոնի պաշտոնական էլփոստի հասցեով` info@justexpert.am կամ զանգահարել Թեժ գծի հեռախոսահամարներով` 010.30-00-11, 033.30-00-22
Հարգանքով` Հանրային կապեր