Ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների ատեստավորման արդյունքները. 65 փորձագետ հաստատել է իր որակավորումը

31.03.2026

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ավարտվել է աշխատողների մասնագիտական համապատասխանության ստուգման (ատեստավորման) գործընթացը։ Սույն թվականի մարտի 16-ից 27-ը ներառյալ անցկացված ատեստավորմանը մասնակցել են Կենտրոնի 13 փորձաքննություն իրականացնող բաժիններից շուրջ 65 փորձագետ: Գործընթացն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարի N 653-Լ հրամանով սահմանված կարգի խստիվ պահպանմամբ, որի նպատակն է ապահովել դատական փորձագետների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների շարունակական համապատասխանությունը զբաղեցրած պաշտոններին։

Գնահատման երկաստիճան ձևաչափ

Ատեստավորումն անցկացվել է թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա՝ ներառելով երկու հիմնական փուլ.

• Գրավոր թեստավորում. Փորձագետները պատասխանել են Կենտրոնի տնօրենի կողմից հաստատված շտեմարանից պատահական ընտրությամբ ձևավորված հարցերին, որոնք ընդգրկում էին ՀՀ Սահմանադրությունը, աշխատանքային օրենսդրությունը և փորձագիտական գործունեությունը կանոնակարգող իրավական դաշտը:

• Բանավոր հարցազրույց. Թեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած փորձագետները մասնակցել են հաջորդ փուլին՝ հարցազրույցին, մասնագիտական հատուկ գիտելիքների և գործնական հմտությունների ստուգման նպատակով:

Բարձր արդյունավետություն և որակավորում

Ատեստավորման արդյունքների ամփոփմամբ՝ բոլոր 65 փորձագետները հաջողությամբ հաղթահարել են սահմանված անցողիկ շեմը։ Հատկանշական է, որ գործընթացի ընթացքում ցուցաբերվել են բարձր ցուցանիշներ, ինչը վկայում է Կենտրոնի փորձագիտական ներուժի կայունության և մատուցվող ծառայությունների որակական բարձր մակարդակի մասին:

Թողնել մեկնաբանություն