«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը հատուկ հրավերով մասնակցել է Բաթումիում կայացած միջազգային համաժողովին
Սույն թվականի հունիսի 10-12-ը Վրաստանի Բաթումի քաղաքում առաջին անգամ անցկացվել է «Նորարարությունները դատական փորձաքննության ոլորտում 2026» միջազգային գիտական համաժողովը։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը ներկա են գտնվել Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահը, Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահը, Վրաստանի խորհրդարանի և իրավապահ մարմինների ղեկավար անձինք, Բաթումիի քաղաքապետը, ինչպես նաև Վրաստանի և արտերկրի ակադեմիական ու մասնագիտական շրջանակների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Համաժողովին հատուկ հրավերով մասնակցել է նաև հայաստանյան պատվիրակությունը՝ ի դեմս «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի և Կենտրոնի փորձագետ Անի Վարագյանի։ Մասնակցության նպատակն էր երկկողմ մասնագիտական կապերի խորացումն ու համատեղ ծրագրերի քննարկումը։
Միջազգային հարթակում ընթացող քննարկումներին մասնակցել են 170 պատվիրակ, այդ թվում՝ աշխարհի առաջատար հաստատությունների 55 փորձագետ ու գիտնական, ինչպես նաև Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Զեկույցների և շնորհանդեսների կենտրոնում են եղել քիմիայի, կենսաբանության, քրեագիտության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտների նորագույն ձեռքբերումներն ու մեթոդները։ Համաժողովի շրջանակներում մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալու լաբորատոր սարքավորումների արտադրությամբ զբաղվող աշխարհի առաջատար ընկերությունների ցուցահանդեսին։
Դավիթ Ղուլյանն առանձին հանդիպում է ունեցել Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյի ղեկավար Գիորգի Մուրվանիձեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև շարունակական համագործակցությանն ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։








