Փորձագիտական կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը մասնակցել է ԱՊՀ դատափորձագիտական գործունեության համակարգող խորհրդի միջազգային տեսակոնֆերանսին
Սույն թվականի մայիսի 22-ին տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների դատափորձագիտական գործունեության համակարգող խորհրդի հերթական գործընկերային տեսակոնֆերանսը, որին հեռավար ձևաչափով մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության պատվիրակությունները:
Հայաստանի Հանրապետության կողմից տեսակոնֆերանսին մասնակցել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը։
Խորհրդի 2026 թվականի աշխատանքային ծրագրի շրջանակներում և Ղազախստանի Հանրապետության Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ընթացքում, մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկել են դատական փորձաքննության ոլորտի համար առանցքային և գերարդիական նշանակություն ունեցող թեմաներ: Մասնավորապես, օրակարգում ներառված են եղել «Նեյրոցանցերի կիրառումը դատական փորձաքննությունում» և «Կրիպտոարժույթների օգտագործման հետ կապված գործերով դատական փորձաքննությունների անցկացման առանձնահատկությունները» թեմաները:
Հաշվի առնելով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների և կրիպտոակտիվների կիրառմամբ կատարվող հանցագործությունների աճի միտումները՝ կողմերը կարևորել են նմանատիպ բազմակողմ քննարկումների դերը փորձագիտական հնարավորությունների արդիականացման, մարտահրավերների համատեղ հասցեագրման և միջազգային առաջավոր փորձի փոխանակման գործում:
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, բարձր գնահատելով միջազգային գործընկերների հետ նման ձևաչափով համագործակցությունը, շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել ոլորտային երկխոսություններում՝ ուղղված դատափորձագիտական բնագավառում նորագույն մեթոդիկաների ներդրմանն ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացմանը:





