ԱՊՀ դատափորձագիտական ոլորտում քննարկվել են միասնական տեղեկատվական համակարգի և նմուշների բանկի ստեղծման հարցերը
Անկախ Պետությունների Համագործակցության դատափորձագիտական գործունեության ոլորտում Համակարգող խորհրդի քարտուղարության (ԿՍԷԴ) 2026 թվականի աշխատանքային ծրագրի շրջանակում անցկացվել է տեսակոնֆերանսային խորհրդակցություն՝ դատափորձագիտական գործունեության արդիական ուղղությունների քննարկման նպատակով։
Տեսակոնֆերանսին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսի հանրապետությունը, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի հանրապետությունները։
Հայաստանի կողմից տեսակոնֆերանսին մասնակցել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Ձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի ղեկավար՝ Վահե Գրիգորյանը։
Քննարկվել են «Կեղծիք» տեղեկատվական համակարգի ստեղծման նախաձեռնությունը, որը նախատեսում է կեղծ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, ինչպես նաև նմուշների միասնական բանկի ձևավորման հարցը։
Բացի այդ, քննարկվել են նաև փորձագիտական մեթոդիկաների միասնականացման, փորձաքննությունների արդյունքների փոխադարձ ընդունելիության և նոր մեթոդիկաների մշակման հարցերը։
Արդյունքները կներկայացվեն Համակարգող խորհրդի առաջիկա նիստին՝ համապատասխան որոշումների ընդունման նպատակով։



