Մանկավարժական համալսարանի ուսանողները հյուրընկալվել են Փորձագիտական կենտրոնում
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ում հյուրընկալվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողները։
Բաց դասը անցկացվել է նյութագիտական բաժնում՝ «Մոլեկուլի կառուցվածք» առարկայի շրջանակներում։ Դասը վարել է Կենտրոնի Նյութագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ Ստելլա Մելիքյանը։ Դասի ընթացքում ուսանողները ծանոթացել են անալիզի ֆիզիկաքիմիական եղանակներին, քրոմատոգրաֆիական և սպեկտրաչափական վերլուծության ժամանակակից մեթոդներին ու սարքավորումներին, ինչպես նաև դրանց կիրառության գործնական նշանակությանը փորձագիտական ոլորտում։
Ներկայացվել են տարբեր նյութերի հետազոտման գործնական մոտեցումները, փորձագիտական վերլուծության առանձնահատկությունները և կիրառվող սարքավորումները՝ ընդգծելով դրանց կարևոր դերակատարումը նյութերի որակական և քանակական գնահատման գործընթացում։
Ուսանողները հնարավորություն են ունեցել հետևելու իրական փորձաքննությունների ընթացքին, ծանոթանալու փորձագիտական աշխատանքի փուլերին, անմիջական շփվելու մասնագետների հետ և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները։
Պետք է նշել, որ Փորձագիտական կենտրոնում ուսանողները պարբերաբար հյուրընկալվել են, և նրանց այցերը մշտապես բարձր են գնահատվել թե՛ մասնագիտական հանրության, թե՛ ուսանողների կողմից։ Կենտրոնը շարունակաբար նպաստել է նրանց մասնագիտական զարգացմանն ու առաջընթացին։








