Բաժնի պետ – Անի Ռոբերտի Վարդանյան
Ծնված 14.05.1986թ.
Կրթությունը՝
1993թ․-2003թ․սովորել է Սևան քաղաքի՝ Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։
2003թ.-2007թ․ սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և
հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում` ստանալով հոգեբանի որակավորում,
2007թ.-2009թ․ կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում, հոգեբանության տեսության և պատմության ամբիոնում՝ «Հոգեբանության տեսության և անձի հոգեբանության մասնագիտացմամբ»` ստանալով մագիստրոսի աստիճան:
2018թ.-ից հանդիսանում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնի հայցորդ։
Աշխատանքային գործունեությունը
2009թ․-2010թ․ որպես հոգեբան աշխատել է Երևանի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրում։
2010թ․-2021թ․ հանդիսացել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի աշխատակից՝ 2015թ․-ից որպես բաժնի պետ, 2015 թվականից մինչև 2021 թվականը նաև նույն կազմակերպության քրեաբանության գիտահետազոտական կենտրոնի հոգեբան:
2014 թվականին հիմնադրել է «Ուղեկից հոգեբանական կենտրոն» ՍՊԸ-ն։
2017թ․-2019թ․ հանդիսացել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական և գիտատեխնիկական գործունեության համակարգող կոլեգիալ խորհրդակցական մարմին հանդիսացող Գիտական խորհրդի անդամ:
2019թ․- 2020թ․ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեում՝ որպես փորձագետ, /գործառույթները՝ անձնակազմի գնահատման և զարգացմանն ուղղված աշխատանքների շրջանակներում/:
2017թ․-ից Արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված մի շարք ծրագրերում ներգրավվել է որպես փորձագետ։
2018․թ-ից մինչև 2019թ․ որպես դասախոս աշխատել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում,
2015թ․-ից մինչ այժմ որպես դասախոս աշխատում է ՀՀ Արդարադատության ակադեմիայում,
2022թ․ սկսած ՀՀ փաստաբանական ակադեմիայում։
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
Տեսակ՝ հոգեբանական
Ենթատեսակներ՝
1․ անչափահասների փորձաքննություն,
2․ բռնության (այդ թվում սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության դեմ ուղղված) հետ կապված հանցագործությունների վերաբերյալ փորձաքննություն,
3․հուզական վիճակների, այդ թվում հոգեկան ուժեղ տառապանքի փորձաքննություն,
4․ անհատական հոգեբանական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ փորձաքննություն
5․ հոգեբանական ներազդեցությունների փորձաքննություն,
6․ հետմահու և ինքնասպանության փորձի փորձաքննություն,
7․ հոգեբանական այլ հետազոտություններ (այդ թվում հոգեֆիզիոլոգիական բնույթի)։
Դատահոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
Հետազոտության օբյեկտները՝
- Իրավական հարաբերությունների սուբյեկտի /մեղադրյալ, կասկածյալ, տուժող, վկա, հայցվոր, պատասխանող/ հոգեկան գործունեությունը իրավական նշանակություն ունեցող իրավիճակներում,
- սոցիալական փոխազդեցության և միջանձնային /ներխմբային և միջխմբային/ գործընթացները,
- հանցագործության իրավիճակների, ինչպես նաև արդարադատության համար այլ կարևոր իրադարձությունների վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուրները՝ ցանկացած նյութ, այդ թվում նաև գործի նյութերը /դեպքի վայրի զննության արձանագրությունը, մեղադրյալի, վկայի, տուժողի, կասկածյալի հարցաքննության արձանագրությունները, սթափության վերաբերյալ բժշկական տեղեկանքները և այլն/, որոնցում առկա տվյալներն ունեն հոգեբանական բովանդակություն կամ կարող են ենթարկվել հոգեբանական վերլուծության։
Հետազոտության խնդիրները՝
- բացահայտել անչափահաս մեղադրյալների կողմից սեփական գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու ունակության մակարդակը, դրանց վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու կարողությունը,
- բացահայտել հոգեպես առողջ տուժողի կողմից իր հետ կատարված գործողությունների բնույթն ու նշանակությունը հասկանալու և դիմադրություն ցույց տալու կարողությունը,
- բացահայտել հակաիրավական գործողություն կատարելու պահին մեղադրյալի մոտ ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի, ինչպես նաև այլ հուզական վիճակների առկայությունը կամ բացակայությունը, որը կարող էր հետազոտվող իրավիճակում էականորեն ազդել նրա գիտակցության և վարքի վրա, ինչպես նաև կոնկրետ անձի կամ անձանց գործողությունների արդյունքում հոգեկան ուժեղ տառապանքի առկայությունը կամ բացակայությունը։
- բացահայտել անձի անհատական հոգեբանական այնպիսի առանձնահատկություններ, որոնք իրավական նշանակություն ունեցող իրավիճակում կարող էին էապես ազդել նրա վարքի և հոգեկան գործունեության վրա,
- բացահայտել այնպիսի հոգեբանական առանձնահատկություններ, որոնք էական նշանակություն ունեն երեխայի լավագույն շահի ապահովման և դրան խոչընդոտելու հարցերում,
- բացահայտել գործարք կատարելու պահին անձի կողմից սեփական գործողությունների նշանակությունը հասկանալու և ղեկավարելու կարողությունը,
- բացահայտել ինքնասպանության /ինքնասպանության փորձին/ նախորդող ժամանակահատվածում անձի հոգեվիճակը, ինչպես նաև նրա հոգեվիճակի և այլ անձանց /կասկածյալի, մեղադրյալի/ գործողությունների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը կամ բացակայությունը,
- բացահայտել իրավական նշանակություն ունեցող իրավիճակում անձի վրա հոգեբանական ներազդեցության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը,
- բացահայտել տրանսպորտային կամ արտադրական պատահարների ժամանակ անձի հոգեկան վիճակը և դրա ազդեցությունը գործունեության ղեկավարման ունակության վրա,
- բացահայտել վարքի այնպիսի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններ, որոնք կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներ են քրեական կամ քաղաքացիական գործի համար:


