ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ԽՆԴԻՐՆ Է, ՆՈՒՅՆ ԿԵՂԾԻՔԸ ՎԱՂԸ ՀԵՆՑ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ Է ԱՌԱՋԱՐԿՎԵԼՈՒ

16.06.2023

ՀՀ փորձագիտական կենտրոնն այս տարվանից սկսել է իրականացնել նաեւ մշակութաբանական փորձաքննություններ՝ մեկնարկը տալով կերպարվեստի ոլորտից։ Մշակութաբանական փորձաքննության այս տեսակը թույլ է տալիս պարզել մշակութային արժեքների իսկությունը (բնօրինակ կամ կեղծ լինելը), առարկայի գեղարվեստական նշանակությունը, կարեւորությունը, անվանումը, հեղինակին, դպրոցը, ստեղծման ժամանակը, ֆիզիկական չափերը եւ այլ պարամետրեր։

Նորաբաց բաժնում առայժմ աշխատում է մեկ փորձագետ՝ մասնագիտությամբ արվեստաբան, 10 տարվա փորձագիտական ստաժով Արուսյակ Ստեփանյանը, ով Մշակութաբանական փորձաքննությունների բաժնում զբաղվում է կերպարվեստի իրերի (գեղանկար, քանդակ, սրբապատկեր) փորձաքննությամբ։
Մշակութաբանական փորձաքննությունների բաժնում, կերպարվեստից բացի, հետագայում նախատեսվում է իրականացնել նաեւ արվեստաբանական եւ մշակութաբանական փորձաքննություններ՝ հետեւյալ ենթատեսակներում. դեկորատիվ-կիրառական արվեստ, գիրք-տպագիր ժառանգություն, հնագիտություն, երաժշտական գործիքներ, դրամագիտություն, գորգ։

Փորձաքննություններն իրականացվում են թե՛ քրեական վարույթների, թե՛ սովորական քաղաքացիների դիմումների հիման վրա։

Օրերս կենտրոնում իրականացվել է Սարյանի եւ Այվազովսկու բնօրինակ կտավների մշակութաբանական փորձաքննությունը։ Հայտն ո՞ւմ կողմից են ստացել, կեղծիքի կասկածա՞նք է եղել, որ դիմել են իրենց, փորձագետ Ա․ Ստեփանյանն ասում է․ «Սարյանի հետ կապված, մենք` ինքներս ենք դիմել, որպեսզի թանգարանը մեզ հնարավորություն ընձեռի կոնկրետ էտալոնային (երբ հեղինակի ձեռագիրը կասկածի ենթակա չէ) գործերի հիմք ստեղծելու եւ մեր սարքավորումներով հասկանալու տեխնիկական հնարավորությունները, այն է, թե այդ սարքավորումներն ինչ տեխնիկական հնարավորություններ են թույլ տալիս բացահայտել, դա մեզ համար էլ էր փորձ, եւ այդ քայլը ողջունվեց թանգարանի կողմից, քանի որ Սարյանը բավականին շատ է կեղծվում, եւ, բնականաբար, ժառանգներն էլ են փորձում դրա դեմն առնելու ճանապարհ գտնել»։

Փորձագետը նշում է, որ իրենց անհրաժեշտ է բազաները ստեղծել հավաստի աղբյուրների հիմքի վրա, իսկ ավելի հավաստի, քան թանգարանն է, չէր կարող լինել․ «Տեխնիկական հստակ չափանիշներ կան, որոնցով կարող ես ապացուցել կտավի իսկությունը, եթե անգամ մեկը որոշել է Սարյան կրկնօրինակել։ Շնորհիվ այդ տեխնիկական սարքավորումների, մենք արդեն կարող ենք ներկանյութի տարբերությունը տեսնել, պարզել ստորագրության կրկնագծված լինելու փաստը»։
Կենտրոնի փորձագետը նկատում է՝ ի տարբերություն մասնավորի, իրենց կենտրոնի տված փորձագիտական եզրակացությունը լինելու է շատ խորը, համալիր ձեւով․ «Տեխնիկական բոլոր բացահայտումները պարտադիր նշվելու են, եւ մենք կարծում ենք, որ բոլոր հնարավոր տեխնիկական հետազոտությունները պետք է եզրակացության մեջ լինեն՝ ձեռագրաբանական, նյութագիտական, շատ հին կտավների դեպքում՝ նաեւ կտավի մանրաթելի փորձաքննությունը։ Հիմա փորձում ենք մշակույթի նախարարության հետ գտնել համագործակցության տարբերակ, թե ինչ կարող ենք անել՝ ֆոնդերում աշխատելու եւ բազաներ ունենալու համար, որովհետեւ եթե ուզում ես ռեալ փորձաքննություն անել, պետք է կարողանաս ճիշտ առարկաների հետ համեմատություն անել, իսկ այդ առարկաները, բնականաբար, թանգարաններում են, պատկերասրահներում»։

Թանգարանները պատրաստակա՞մ են՝ բացել իրենց ֆոնդերը մշակութաբանական փորձաքննությունների առաջ։ «Նման բանը հեշտ չի լինում, որովհետեւ յուրաքանչյուր թանգարան մեծ հոգատարությամբ պաշտպանում է իր ամբողջ ֆոնդը, բազաները, բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ իրենց դիմողն անհատ չէ, եւ սա բոլորիս խնդիրն է։ Նույն կեղծիքը վաղը հենց թանգարանին է առաջարկվելու, կեղծիքների դեմն առնելու քաղաքականությունը, գրագիտությունը պետք է մշակել։ Եթե այդ հարթության մեջ նայենք, որ բոլորս նույն գործի համար ենք, բնականաբար, պետք է բաց լինեն մեր առաջ, այդ առումով որոշակի խնդիրներ ունենք, բայց հարթվելու ուղու վրա են»։
Թե Այվազովսկու կտավն ինչպես եւ ինչ գործի շրջանակներում էր հայտնվել իրենց կենտրոնում, Արուսյակ Ստեփանյանն ասում է․ «Փորձաքննությունը միշտ գաղտնիություն է ենթադրում, բայց կարող եմ ասել, որ քրեական գործի շրջանակներում չէր, այլ՝ մասնավոր։ Անհատ անձն իր սեփական Այվազովսկու կտավը բերել էր միանգամից թե՛ արվեստաբանական, թե՛ տեխնիկական փորձաքննության։ Աշխատանքը դեռ հետազոտման փուլում է, վերջնական եզրահանգման չենք եկել, բայց արդեն իսկ կարող ենք ասել, որ գործ ունենք բնօրինակի հետ։ Մեզ ներկայացնելու պատճառն էլ այն էր, որ այդ կտավը պետք է արտահանվեր ու ցուցադրության գնար, իսկ ունենալ հիմնավոր փորձագիտական եզրակացություն՝ դա միայն պատիվ բերող ու գրագետ մոտեցում է»։

Փորձագետը նկատում է՝ որպես այդպիսին, իրենց կենտրոնը վերահսկող կամ միջամտող գործառույթ չունի, իրենք աշխատում են միայն այն դեպքում, երբ իրենց դիմում են այս կամ այն քրեական վարույթի շրջանակում կամ էլ անհատապես։

Պետական մակարդակով, կերպարվեստի շատ գործեր մի որոշ ժամանակով տրվում են ի պահ այս կամ այն գերատեսչությանը։ Ո՞վ է վերահսկում այս շղթան, ի՞նչ երաշխիքներ կան, որ հենց այդ մակարդակում ինչ-որ նկարներ չեն կորի կամ չեն կեղծվի։ «Դրանք մշակույթի նախարարության վերահսկողության տակ են, որովհետեւ մշակույթի նախարարության վերահսկողության տակ գտնվող թանգարաններից էլ տրվում են։ Այդ ամբողջ սխեման ես պատկերացնում եմ, գիտեմ, որովհետեւ մշակույթի նախարարությունում աշխատել եմ եւ կարող եմ ասել, որ վստահելի է։ Ամեն դեպքում, դա մեր փորձագիտական կենտրոնի գործառույթների հետ չի առնչվում։ Իսկ ընդհանրապես՝ կեղծիքների մասով կարող եմ ասել, որ արվեստի աշխարհը միշտ է մարդկանց հետաքրքրել, եւ կեղծիքներ միշտ են եղել։ Խոսեցինք Այվազովսկուց, ով այն հեղինակներից էր, որ կեղծիքներ թույլ է տվել հենց իր կենդանության օրոք։ Նա բացել է ազատ արվեստանոց, որտեղ բոլոր նկարիչները կարող էին գալ ստեղծագործել, ինքն էլ դիտարկումներ էր անում, թե ով ոնց նկարեց, եւ նույնիսկ ասում են, որ իր հավանած նկարների տակ երբեմն ստորագրել է։ Այսինքն՝ ստացվում է, որ կարող է փորձաքննության հայտնվի Այվազովսկու ստորագրությամբ նկար, բայց ոճաբանությամբ չկարողանաս գտնել Այվազովսկու հետ անալոգներ։ Կոնկրետ Այվազովսկին մեր ոլորտում փորձաքննության հետ կապված ամենաբարդ, խճճված, ամենամեծ ջանքեր ու ուսումնասիրություն պահանջող հեղինակներից է, որովհետեւ կեղծիքները գալիս են իր կենդանության օրից։ Իր դեպքում միայն արվեստաբանական փորձաքննությունը քիչ է, եւ միայն տեխնիկական միջոցները կօգնեն բացահայտել կեղծը բնօրինակից»։

Կենտրոնի ծառայությունները վճարովի են, մասնավորի դեպքում դիմողը արվեստաբանական փորձաքննության համար պետք է վճարի 72 հազար դրամ, եթե ուզում է նյութագիտական, տեխնիկական փորձաքննություն եւս, հավելյալ գումար է ավելանում։ Իսկ քրեական վարույթի շրջանակներում, ըստ կարգի, վճարում է նա, ով պահանջել է անցկացնել փորձագիտական քննություն։
Սկզբնաղբյուրն՝ այստեղ

Թողնել մեկնաբանություն