Փորձագիական կենտրոնի փորձագետները մասնակցել են «Գնագոյացում և նախահաշվի կազմում ՀՀ շինարարության ոլորտում» դասընթացի մեկնարկին
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ, փորձագետները մասնակցել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոն կողմից իրականացրած «Գնագոյացում և նախահաշվի կազմում ՀՀ շինարարության ոլորտում» վերապատրաստման դասընթացին, որի նպատակն է տրամադրել գործնական գիտելիքներ և հմտություններ՝ շինարարության ոլորտի նախահաշվային փաստաթղթերն «ընթերցելու», դրանք մշակելու և մրցութային փաթեթներ պատրաստելու համար:
Դասընթացի արդյունքում կտիրապետեք՝ շինարարության ոլորտում գնագոյացման և նախահաշվային նորմավորման տեսական հիմունքներին, շինարարական արտադրանքի արժեքի որոշման սկզբունքային սխեմային, շինարարական արտադրանքի արժեքի որոշման հիմնական եղանակներին, շինարարական արտադրանքի նախահաշվային արժեքի որոշման ձևաթղթերին, շինարարական արտադրանքի նախահաշվային արժեքի որոշման հիմնական իրավական ակտերին և նորմատիվային փաստաթղթերին, շինմոնտաժային աշխատանքների ծավալների որոշման կանոններին, ՀՀ նախահաշվային նորմատիվային բազայի կիրառմանը, շենքերի և կառուցվածքների նախահաշիվների և նախահաշվային հաշվարկների “ընթերցմանը”, առանձին աշխատանքների միավոր արժեքների որոշմանը, լոկալ, օբյեկտային և ամփոփ նախահաշիվների մշակմանը։ Դասընթացը նախատեսված է ճարտարագետ-տնտեսագետների համար, ճարտարագետ-շինարարների համար, բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են վերապատրաստվել և ընդլայնել շինարարության ոլորտում գնագոյացման վերաբերյալ գիտելիքները:
Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը բարձր գնահատելով և կարևորելով փորձագետի մասնագիտական գիտելիքների բարելավումը, աշխատանքում կիրառվող նորագույն մեթոդների զարգացումը, աշխատանքային առաջընթացն ու որակի կատարելագործումը, մշտապես աջակցում է Կենտրոնի փորձագետներին, մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված տեղական հանդիպումներին, սեմինար-քննարկումներին մասնակցելու հարցում, որոնց ընթացքում քննարկվում և պարզաբանվում են ոլորտին առնչվող տարաբնույթ հարցեր և խնդիրներ:
Պետք է նշել, որ դասընթացի մասնակիցներին համալսարանի կողմից տրամադրվելու է ավարտական վկայականներ: